Լոգոպեդի անկյուն

1. Հնչյունների արտաբերման խանգարումները նախադպրոցական տարիքում

Երկուսից երեք տարեկան ժամանակաշրջանը բնորոշվում է երեխաների բառապաշարի արագ մեծացմամբ: Դա բացատրվում է նրանով, որ երեխայի գործունեությունը դառնում է ավելի բարդ և բազմազան: Նա ծանոթանում է առարկաների առանձնահատկությունների հետ, պարզունակ կապեր է ստեղծում նրանց միջև, ընդհանրացնում է նման նշաններով: Սակայն ընդհանրացում հասկացությունը բավարար զարգացած չէ:
Երեխայի կյանքի երրորդ տարում առաջանում է համեմատաբար ավելի հստակ բառերի արտաբերություն և արդեն բոլոր շրջապատողներն են սկսում հասկանալ նրա խոսքը: Բայց դեռ երեխաները հաճախ բաց են թողնում բառում առանձին վանկեր, բառում ավելացնում են ավելորդ հնչյուններ, հնչյունները տեղերով փոխում են և այլն:

Փակել «

Այսպիսով, բացի ակտիվ (բառեր, որոնք գործածում է երեխան) և պասիվ (բառեր, որոնք հասկանում է երեխան) բառապաշարի հարստացումից և հստակեցումից, կարիք կա հստակեցնելու և կատարելագործելու հնչարտաբերությունը:

Չորս տարեկանում բուռն զարգանում է երեխայի բառապաշարը` ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ: Բառապաշարը կրկնակի մեծանում է: Երեխաները սովորում են բառապաշարում ունեցած բառերը ճիշտ արտաբերել:

Երեխայի խոսքի նորմալ զարգացման դեպքում պասիվ բառապաշարը (բառեր, որոնք հասկանում է երեխան) ամբողջ կյանքում գերակայում է ակտիվ բառապաշարին (բառեր, որոնք գործածում է երեխան): Բառապաշարի զարգանումը ամբողջ կյանքի ընթացքում կանգ չի առնում:

Բառապաշարի հարստացմանը նպաստում են հեքիաթների, բանաստեղծությունների ընթերցումը, սյուժետադերային խաղերը:

Հեղինակ՝ Աննա Մալխասյան
© sunny.am կայքի նյութերն օգտագործելիս հղումը  sunny.am-ին պարտադիր է:

Երկլեզվություն

Լեզուն ազգի էական նշաններից մեկն է, սերտ կապված է ազգային հոգեբանության, ինքնագիտակցության հետ:

Այժմ երկրագնդի բնակիչների մոտ 70 %-ը խոսում է երկու կամ ավել լեզուներով: Եվրոպայի բնակչության 56%- ը տիրապետում է երկու լեզվի, իսկ  27%- ը` երեք: Յուրաքանչյուր 5 տարի երկու լեզու իմացողների թիվն աճում է 9%- ով: Երկու և ավել լեզուներին տիրապետելու երևույթն անվանում են բիլինգվիզմ: Բիլինգվիզմի զարգացման պատճառները բազմաթիվ են:

Խոսքի զարգացման և լեզվի ուսուցման գործընթացը բարդ է: Խոսքի զարգացման կարևոր կողմ է երեխաների բառապաշարի զարգացումը:

Երեխայի բառապաշարի ձևավորումը սերտ կապված է նրա ճանաչողական գործընթացի զարգացման հետ:  Բառին տիրապետելը արտացոլում է ամենից առաջ երեխայի գիտակցության մեջ խոսքի և մտածողության փոխհարաբերության գործընթացը և մեծամասամբ սահմանվում է նրա ինտելեկտուալ զարգացման մակարդակով, սերտ կապված է ընկալման, հիշողության , այլ հոգեկան գործընթացների ձևավորման հետ: Իր հերթին խոսքի բառապաշարային համակարգը էական ազդեցություն է թողնում ոչ միայն խոսքային զարգացման վրա ընդհանուր առմամբ, այլ նաև երեխայի ճանաչողական գործունեության ձևավորման համար, քանի որ ըստ Լ. Ս. Վիգոտսկու, բառի նշանակությունը խոսքային մտածողության միավոր է:

Բառապաշարի ձևավորումը անհատական զարգացման մեջ պայամանավորված է նաև շրջապատող իրականության վերաբերյալ պատկերացումների զարգացմամբ:

Լեզվի բառապաշարային համակարգի տիրապետման խանգարումը զգալիորեն դժվարեցնում է երեխայի շփումը, համագործակցությունը մեծահասակի հետ, բացասական է ազդում ճանաչողական գործունեության ձևավորման վրա, ուշացնում է ինչպես բանավոր, այնպես էլ հետագայում գրավոր խոսքի զարգացումը, խոչընդոտում է դպրոցական ծրագրի յուրացմանը:

Այսպիսով, խոսքի բառապաշարային կողմի զարգացումը կարևորվում է խոսքի զարգացման մեջ: Էլ ավելի արդի է բիլինգվ երեխաների բառապաշարի ուսումնասիրությունը: Չէ՞ որ նրանք ստիպված են տիրապետել երկու, հաճախ նաև երեք, չորս լեզու միանգամից:

Լոգոպեդիայի համար բիլինգվիզմը հետաքրքիր է նրանով, որ այն հաճախ դառնում է մայրենի լեզվով յուրահատուկ խոսքային սխալների առաջացման պատճառ, որոնք պայմանավորված են ինչպես լեզվական համակարգերի փոխազդեցության առանձնահատկություններով, այնպես էլ խոսքային զարգացման խանգարմամբ: Խոսքային խանգարմամբ երեխաների համար բիլինգվիզմի գործոնը ավելի բարդացնող է, ինչը չի կարող չանդրադառնալ խոսքի, ճանաչողության, հետևաբար նաև ուսումնական գործունեության զարգացման վրա:

Ինչպիսին է բիլինգվ երեխայի խոսքի զարգացումը.

  • նրանք ավելի ուշ են տիրապետում խոսքին,
  • յուրաքանչյուր լեզվով բառապաշարն ավելի աղքատ է, քան մի լեզվի տիրապետով հասակակիցների բառապաշարը,
  • համակարգված ուսուցման բացակայության դեպքում կարող է թերի յուրացվել քերականական կառույցը,
  • կարող են դժվարություններ առաջանան երկրորդ լեզվի գրավոր խոսքի յուրացման մեջ:

Հեղինակ՝ Աննա Մալխասյան
© sunny.am կայքի նյութերն օգտագործելիս հղումը  sunny.am-ին պարտադիր է:

Սոցիալական միջավայրի դերը խոսքի զարգացման գործընթացում

110720031_Detskiy_sad

Երեխայի խոսքի զարգացման վրա ազդող գործոնների շարքում հատկապես ընդգծվում է սոցիալական միջավայրի և երեխաների հոգեկանի զարգացման դերը:
Նախադպրոցական տարիքը համարվում է սենզիտիվ շրջան շատ հոգեկան գործընթացների, ինչպես նաև խոսքի զարգացման համար: Ընդհանուր առմամբ երեխայի հոգեկանի զարգացման հաջողությունը կախված է նրանից, թե այս տարիքում ինչքանով է հաջող զարգանում խոսքային ֆունկցիան: Եվ այս ամենի զարգացման վրա մեծ ազդոցություն են ունենում 2 հզոր գործոններ՝ սոցիալական և կենսաբանական: Այժմ կքննարկենք սոցիալական միջավայրի դերը երեխայի խոսքի զարգացման ընթացքում:
Լիարժեք ընտանիքներում հայրերը մայրերի հետ հավասար կարևոր դեր են կատարում երեխայի հաղորդակցման զարգացման գործընթացում: Ոչ լիարժեք ընտանիքներում հաճախ վատանում է նյութական վիճակը, քչանում է երեխայի և մոր խոսքային շփման հնարավորությունը, վերակառուցվում են ընտանիքի սոցիալական կապերը: Երեխան կարիք է զգում շփման, փոխվում է նրա հուզական ստատուսը, հետևաբար, լիարժեք չեն իրացվում երեխայի խոսքային հնարավորությունները: Այսպիսով, ոչ լիարժեք ընտանիքներում երեխայի խոսքի զարգացումը փոքր ինչ տուժում է:
Ընդհանրացնելով բազմաթիվ հետազոտությունների արդյունքները, Է. Հոֆֆ- Գինսբերգը եկել է այն եզրակացության, որ բարձր սոցիալտնտեսական ստատուս ունեցող մայրերը իրենց երեխաների համար շատ փոքր հասակից ստեղծում են ավելի հարուստ խոսքային միջավայր, քան այն մայրերը, ում սոցիալտնտեսական ստատուսը ավելի ցածր է: Նրանք ավելի շատ են շփվում իրենց երեխաների հետ և նրանց դրդում են հաղորդակցման, շատ են հարցադրումներ անում, նրանց խոսքն ավելի հարուստ է, պարունակում է ավելի շատ ինֆորմացիա շրջապատող առարկաների վերաբերյալ: Արդյունքում նախադպրոցական երեխաներն ունենում են մեծ բառապաշար և գործածում են քերականորեն համեմատաբար ավելի ճիշտ նախադասություններ:
Պ. Կ. Կերիգի և այլ ուսումնասիրողների կողմից նշվում է, որ այն ծնողներն, ովքեր գոհ են իրենց ամուսնական կյանքից, ավելի շատ ջերմություն են տալիս իրենց երեխաներին, աբելի շատ են կիրառում էքսպրեսիվ խոսք: Խոսքային զարգացման պայման է նաև մեծահասակների ճիշտ խոսքը, առարկայական միջավայրի կազմակերպումը և հարստացումը, երեխայի հետ երկխոսության կազմակերպումը դրդող հարցադրումների ճանապարհով, անմիջական հուզական շփումը և այլն:
Երեխայի խոսքի զարգացման մեջ հասակակիցների հետ շփման դերի վերաբերյալ գոյություն ունեն մի քանի տեսակետներ: Բայց պետք է նշենք, որ մեծամասնությունը համաձայնում են այն մտքի հետ, որ հասակակիցների միջավայրը կարող է և խթանում է խոսքի զարգացմանը: Եվ միջազգային հեղինակները շեշտում են, որ խոսքի զարգացման հապաղումը կապված է սոցիալական դեպրիվացիայի հետ:

Հեղինակ՝ Աննա Մալխասյան
© sunny.am կայքի նյութերն օգտագործելիս հղումը  sunny.am-ին պարտադիր է:

 

Subscribe to Our Newsletter