Մեր մասին

Նախապատմություն
Մասնավոր մանկապարտեզը առաջին անգամ իր դռները բացեց փոքրիկների առաջ 2012թ-ի հունիսի 1-ին:
Երեխաների պաշտպանության օրը պատահական չէր ընտրված, ինչպես պատահական չէր այն հայեցակարգը, որի հիման վրա ստեղծվեց մեր մանկապարտեզը:
Ի սկզբանե մեր նպատակն էր ստեղծել միջավայր փոքրիկների համար, ովքեր ոտք դնելով մեր աշխարհ՝ կգտնեն իրենցը՝ բարին, վստահելին, գունեղը, ինչպես նաև իրենց շատ սիրող և ամեն հարցում աջակցող մի քանի մեծիկների:
Երբ առաջին իսկ օրվանից ծնողները երեխաներին համոզելով էին տանում տուն, հասկացանք, որ ստացվել է այն, ինչ երազում էինք, հասկացանք, որ հաջողվել է ստեղծել այն, ինչ նպատակադրված էր, և որ ամենակարևորն է՝ ճիշտ ուղղու վրա ենք:

Մեր անձնակազմը
Մեր անձնակազմը մեր ուժեղ կողմերից է:
Մեր թիմը ուժեղ է իր յուրաքանչյուր անդամով: Նրանցից յուրաքանչյուրին ընտրելիս հաշվի են առնվել թե՛ մարդկային որակները, թե՛ կոմպետենտությունը և վերջապես մեր արևոտ միջավայրին համապատասխանությունը:
Սաննիում չկան աշխատակիցներ, կան մի մեծ ընտանիքի անդամներ, որտեղ բոլորը օգնում են միմյանց, հաղթահարում յուրաքանչյուր խոչընդոտ և կիսում ուրախության ամեն մի պահ:

Մեր երեխաները
Մեր երեխաները մեր արևներն են: Մանկապարտեզի անունն էլ ընտրվել է՝ բնութագրելու երեխաներին ամենահամապատասխան մեկ բառով՝ արևոտ:

Մեր մոտեցումը
Որքան էլ մանկապարտեզը համարվի նախադպրոցական հաստատություն, այնուամենայնիվ ուսուցողական և դաստիարակչական մեր մոտեցումները հիմնված են առաջին հերթին սիրո և հանդուրժողականության վրա:
Երեխայակենտրոն մոտեցումը համարում ենք անկյունաքարային. յուրաքանչյուր երեխա անհատ է և պահանջում է անհատական մոտեցում թե ուսուցման, թե մնացած ոլորտներում:
Մենք սովորեցնում ենք երեխաներին մտածել, տրամաբանել, կառուցել և ոչ թե հաշվել, կարդալ, անգիր ասել: Մեզ մոտ հաճախ հնչող հարցերն են ինչուն և ինչպեսը և ոչ թե ով կամ ինչը:
Իսկ ամենակարևորն այն է, որ երեխաներին այս ամենը հաջողվում է ոչ թե ձանձրալի դասաժամերի միջոցով, այլ խաղերով և հետաքրքիր փորձերով:
Մեր կարևորագույն մոտեցումներից է այն, որ երեխան պետք է վայելի իր մանկությունը և չծանրաբեռնվի՝ ձանձրալի դասաժամերով նախապատրաստվելով դպրոցին:

Զբաղմունքներ
Կավագործություն և ծեփ
Ավազաթերապիա
Նկարչություն (մատիկներով, բնական նյութերով)
Հմուտ Ձեռքեր
Փոքրիկ խոհարարներ
Լեզուներ (անգլերեն, ռուսերեն)
Զարգացնող խաղեր

Մեր կարգախոսը
Մանկությունը հեքիաթ է,
Մեր ջերմությամբ այդ հեքիաթում միշտ ամառ կլինի :)

 

Մեր առօրյային ծանոթացեք ԱՅՍՏԵՂ։

Բաժանորդագրվել