Ջայլամների ագարակ

Առաջին անգամ երբ այցելեցինք ջայլամների ագարակ, այդ օրվանից այս վայրը դարձավ մեր սիրելիներից։ Պարբերաբար այցելում ենք, կերակրում մեր սիրելի կենդանիներին, լավ ժամանակ անցկացնում բնության գրկում։

Կենդանիների հետ շփումը երեխաներին պարգևում է անմոռանալի էմոցիաներ, ուրախություն։ Երեխաներն իրենց ձեռքով հավաքում են թարմ խոտ և կերակրում ջայլամներին։ Ամեն անգամ այցելելիս նոր բաներ ենք սովորում այս յուրահատուկ կենդանիների մասին։

Վերջին այցելությունը նաև մեզ համար էր շատ օգտակար։ Անգլերենի պարապմունքը անցկացրեցինք հենց ագարակում՝ ծառերի տակ։

Ագարակի տերերը մեզ պատմեցին, որ ջայլամները, չնայած իրենց մեծ չափերին, շատ նուրբ և զգայուն կենդանիներ են։ Նրանք վախենում են բարձր ձայներից։ Գիշերային հրավառությունները շատ են խանգարում ջայլամներին, այդ պատճառով էլ ագարակը կառուցվել է քաղաքային միջավայրից հեռու։

Ջայլամն ամենամեծ թռչունն է։ Ջայլամները նաև ամենամեծ ձվեր ածող թռչուններն են և երկու ոտքի վրա ամենաարագ վազող արարածներն են։ Ջայլամի ձուն 1,4 կգ է։

Ջայլամները սնվում են մրգերով ու ծաղիկներով, երբեմն էլ միջատներով, օրինակ՝ մորեխներով: Իսկ որպեսզի իրենց ստամոքսում դրանք լավ մարսվեն, կուլ են տալիս նաև մանր քարեր: Հասուն ջայլամի ստամոքսում կարելի է գտնել մոտ 1 կգ քար:

Ջայլամի թաթերին ընդամենը երկուական մատ կա: Ասում են, թե դա օգնում է նրան արագ վազել։

Եվ թեև ջայլամներին անխելք չես անվանի, բայց պարզվում է, որ նրանց ուղեղն ավելի փոքր է, քան նրանց աչքը…

Ահա մի քանի նկար մեր ուրախ օրվանից 👇

admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժանորդագրվել